ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
29.01.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանը և ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը ստորագրել են Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության հուշագրեր:
Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում համագործակցության հուշագիր է ստորագվել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի և «ԻՆԵԿՈԲԱՆԿ»-ի միջև:
«Արդեն կարող ենք հայտարարել ծրագրերի մեկնարկի մասին: Հաջորդ քայլով կապալառու ընկերությունները համապատասխան բանկերի հետ պայմանագրեր են կնքելու, որից հետո շահառուները բանկեր կարող են ներկայացնել ծրագրերի մասնակցության հայտերը»,-նշել է Աշոտ Հարությունյանը:
Փոխնախարարը հավելել է, որ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած պտղատու այգիներ այսօր Հայաստանում շատ չկան, և նման ծրագրերի շնորհիվ տնտեսվարողները հնարավորություն կստանան զբաղվել մրցունակ գյուղատնտեսությամբ:
«Հանրապետությունում բնական աղետների, մասնավորապես կարկտահարության դեպքում, մշակաբույսերի վնասվածության աստիճանը լինում է մեծ. երբեմն 80-100 տոկոսի չափով բերքի կորուստ ենք ունենում: Կարկտապաշտպան ցանցերի ներդրման շնորհիվ այգին գրեթե 100 տոկոսով կապահովագրվի, իսկ կաթիլային ոռոգման համակարգի կիրառմամբ հնարավոր է ջրի մինչև 50 տոկոս խնայողություն ունենալ»,-ասել է Հարությունյանը:
Ծրագրերի շրջանակում վարկերը տրամադրվելու են ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվներին ու անհատ ձեռնարկատերերին:
«Մենք ունենք մասնաճյուղերի մեծ ցանց ՀՀ ամբողջ տարածքում և պատրաստվում ենք գյուղացիական տնտեսություններին տեղեկացնել նոր ծրագրերի մասին, կարծում են նույնիսկ բոլորն արդեն տեղյակ էին այս մասին և սպասում էին մեկնարկին»,-նշել է Նորիկ Նազարյանը:
«ԻՆԵԿՈԲԱՆԿ»-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գառնիկ Թադևոսյանը նշել է, որ թեև բանկը գյուղատնտեսության ոլորտում ակտիվ գործունեություն չի ծավալում, սակայն ցանկություն ունեն մասնակցել այն ծրագրերի իրագործմանը, որոնք միտված են նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը:
Վահե Հարությունյանն իր հերթին հույս է հայտնել, որ առաջիկայում կավելանա ծրագրերի շրջանակում համագործակցել ցանկացող ֆինանսական կառույցների ցանկը, ինչն իր հերթին առավել հասանելի կդարձնի ծրագրերի համար դիմելու գործընթացը:
«Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի շրջանակում տնտեսավարողներին տրամադրվելու են մինչև 7 տարի ժամկետով, տարեկան 5% տոկոսադրույքով վարկեր 1-ից 10 հեկտար ինտենսիվ պտղատու և 0.5-ից 5 հեկտար հատապտղատու այգիների հիմնման նպատակով:
«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակում տնտեսավարողներին խաղողի և պտղատու այգիների կարկտապաշտպան ցանցերի ձեռքբերման համար տրամադրվելու են մինչև 7 տարի մարման ժամկետով, տարեկան մինչև 14% տոկոսադրույքով վարկեր, ընդ որում տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկը տնտեսավարողին տրամադրվի 2% տոկոսադրույքով:
«Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակում տնտեսավարողներին տրամադրվելու են 3 տարի մարման ժամկետով, տարեկան մինչև 14% տոկոսադրույքով վարկեր, ընդ որում տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկը տնտեսավարողին տրամադրվի 2% տոկոսադրույքով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին