ԱՐԱՐՏՅԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐԸ ԿԱՐՈՂ Է ՎՆԱՍՆԵՐ ԿՐԵԼ
20.01.2015
Եթե բարձր ջերմաստիճանը շարունակվի, Արարատյան դաշտավայրում գյուղատնտեսությունը կվտանգվի: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ նշելով, որ բարեբախտաբար գիշերները օդի ջերմաստիճանը սառն է:
«Արարատյան հարթավայրում կարող է մտահոգիչ լինել այս բարձր ջերմաստիճանը, բայց դեռ վտանգ չենք տեսնում: Հույս ունենք, որ առաջիկայում եղանակները կցրտեն ու գյուղատնտեսությունը չի վնասվի: Բարեբախտաբար այսօր լուրջ վնասներ չունենք, մի շաբաթ հետո դժվար է ասել, թե ինչ կլինի: Ցերեկվա մի քանի ժամ տաքը չի կարող էականորեն ազդել բողբոջման պրոցեսի սկսելու հետ, որովհետև գիշերները ցուրտ է»,-ասաց նա:
Հարցին, թե տեղյա՞կ է արդյոք, ցորենի արտերը վաղաժամ չե՞ն սկսել հասունանալ, Բերբերյանը պատասխանեց. «Ցորենը հիմնականում նախալեռնային ու լեռնային հատվածներում է, այնտեղ ձյան շերտ ունենք, այնտեղ եղանակներն այնքան էլ տաք չեն: Ես հույս ունեմ, որ գյուղատնտեսության մեջ մեծ վնասներ չենք ունենալու այս տարի»: