ՉԵԽԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
04.06.2015Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում է գտնվում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: Այս այցելությունը մեր երկրի համար կարևոր նշանակություն ունի, քանի որ Եվրամիության հետ մեր հարաբերությունները վերաիմաստավորվում են, և ելնելով մի շարք հանգամանքներից՝ Չեխիան կարող է լինել դեպի Եվրամիություն բացվող դարպասներից մեկը:
Չեխիան Եվրամիությունում մեր կարևոր գործընկերներից մեկն է, և այդ տեսակետից կարևորվում է նաև «Արևելյան գործընկերության» շրջանակներում Հայաստանի փոխհարաբերությունները Չեխիայի հետ: Չեխիան հանդիսանում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենազարգացած տնտեսություն ունեցող երկիրը: Չեխիան ունի փոքր, սակայն զարգացած, արտահանման ուղղված տնտեսություն: Չեխական արդյունաբերությունը արդիականացվում է, իսկ արտահանման ծավալները աճում են և այս երկիրը նույնիսկ արտահանման դրական մնացորդ ունի:
Ծառայությունների ոլորտից բացի, զարգացած է նաև արդյունաբերությունը, որի հիմքում ընկած է մեքենաշինական և ավտոմոբիլային արդյունաբերությունը: Զարգացած է նաև մետալուրգիան, էլեկտրոնիկան, էլեկտրոտեխնիկան, քիմիական արդյունաբերությունը, դեղագործությունը, սննդամթերքների արտադրությունը, տեքստիլ արդյունաբերությունը: Արտահանման մոտ 50 %-ը կազմում է ավտոմեքենաշինական և տրանսպորտային միջոցների արտադրանքը՝ ավտոմոբիլները, տրամվայները, լոկոմոտիվները: Արտահանվում է նաև էլեկտրատեխնիկական արտադրանք, մետաղ, սննդամթերք, գարեջուր, ռազմական տեխնիկա:
Անկախություն ձեռք բերելուց հետո, տնտեսական բարեփոխումների, ինչպես նաև՝ պետական գույքի սեփականաշնորհման արդյունքում նախկին սոցիալիստական չեխական հզոր արդյունաբերությունը աստիճանաբար անցավ արտասահմանյան ընկերությունների ձեռքը:
Ներկայումս արդյունաբերությունը անընդհատ արդիականացվում է, էներգատարությունը նվազում է, տնտեսությունը կայուն է:
Եվրամիության դժվարություններն ազդեցություն ունեն նաև Չեխիայի վրա: Այն 1000 բնակչի հաշվով ամենաշատ ավտոմեքենա արտադրող երկրներից մեկը՝ 112 մեքենա, որտեղ 2012 թվականի արտադրվել է 1,17 մլն ավտոմեքենա: Նախկին սոցճամբարի երկրների ցանկում Չեխիան համարվում է ամենակայուն և ամենաբարեկեցիկ տնտեսություն ունեցող երկիրը:
Չեխիայի հիմնական գործընկերն են Գերմանիան, որի մասնաբաժինը առևտրաշրջանառության ծավալում կազմում է մոտ 30%, այն մոտավորապես նույն է թե′ արտահանման, թե′ ներմուծման կառուցվածքներում: Ապա հաջորդում են Սլովակիան ու Լեհաստանը՝ 6.7% և 6.5% համապատասխանաբար: Բնականաբար Գերմանիայի տնտեսական վիճակի նկատմամբ այս երկիրը շատ զգայուն է և այս երկրի վրա ԱՄՆ-ից հետո, Գերմանիայի քաղաքական և տնտեսական ազդեցությունը ամենամեծն է:
Ընդհանրապես, Չեխիայի համար ավելի է կարևորվում իր քաղաքական կշռի մեծացումը Եվրոպայում: «Իրականություն իլյուզայի փոխարեն», սա է չեխական քաղաքականություն բանաձևը: Ձգտելով հրաժարվել ավելորդ քաղաքական ինդիվիդուալիզմից, իր դիրքերի ամրացման համար փորձում է կենտրոնանալ բազմավեկտոր դիվանագիտության վրա, միաժամանակ ակտիվորեն ներգրավելով ԵՄ-ի արտաքին քաղաքականությանը և իր վրա վերցնելով որոշակի պատասխանատվություն: Չեխիան ձգտում է խաղալ առավել ակտիվ դեր ԵՄ-ի արտաքին քաղաքականության մեջ՝ Բալկաններում, Արևելյան Եվրոպայում, նույնիսկ Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում: Ներկայումս տնտեսական և սոցիալ-մշակութային ակցիաներից չեխերը փորձում են անցում կատարել քաղաքական և ռազմաքաղաքակական շահերի իրականացմանը՝ ձգտելով տարածաշրջանային (գոնե Վիշեգրադյան խմբի շրջանակներում) առաջնորդի կարգավիճակի: Սակայն տնտեսական խնդիրները դեռևս կարևորվում են, իսկ քաղաքական հարցերը դիտարկվում են առևտրա-տնտեսական պատկերացումների պրիզմայով, դիտարկվելով նաև անվտանգության ենթատեքստում: Չեխիայի արևելյան ուղղությունը (հիմնականում ռուսական), այդ թվում կովկասյան ուղղությունը ունի զգալի պոտենցիալ, որը ապագայում իրականացվելու է: Այն թեև գերակա չի, սակայն կարևոր է լինելու:
Չեխիայի արտաքին քաղաքականության մեջ կարևոր ասպեկտ է տնտեսական դիվանագիտությունը, կամ, ինչպես իրենք են ասում, Չեխիայի ներկայացումը (պրեզենտացիան) արտասահմանում: Դա իրակականացում է հիմնականում արտասահմանում «Չեխական տների» միջոցով: Չեխիայի վարկանիշի ներկայացման հիմնական ասպեկտներն են արտահանումը, տուրիզմը, մշակույթը, գիտությունը և սպորտը:
Ինչ վերաբերվում է հայ-չեխական առևտրատնտեսական հարաբերություններին, ապա այն, ցավոք սրտի, վերջին տարիներին նվազման միտումներ ունի: Այս հարցը բնականաբար մտահոգում է վարչապետին և առևտրի նախկին ծավալների վերականգման հարցը անշուշտ կքննարկվի երկու երկրների վարչապետների հանդիպման ժամանակ: