Լուրեր

ՆԱՎԹԱՅԻՆ ԿՐՔԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

28.11.2014

ՆԱՎԹԱՅԻՆ ԿՐՔԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ նավթի համաշխարհային գներն այդքան անմիջական ազդեցություն կունենան մեր տնտեսության վրա: Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ ազգային դրամի փոխարժեքն այդքան կապված կլինի նավթի բորսայական արժեքի հետ: Հիմա մենք նավթարդյունահանող երկրների նման` սրտատրոփ հետևում ենք բորսայական գնանշումներին ու սպասում ՕՊԵԿ-ի հերթական համաժողովին: Մինչդեռ մի քանի ամիս առաջ միայն մի քանի մասնագետ գիտեր, թե ի՞նչ է այդ ՕՊԵԿ ասվածը, քանի՞ երկիր է անդամակցում դրան, ինչպե՞ս են նավթ արդյունահանող` ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրները կարգավորում իրենց հարաբերությունները: Հիմա բոլորս սկսել ենք ուսումնասիրել նավթի համաշխարհային շուկան: Որովհետև այն անմիջական ազդեցություն ունի ՀՀ ազգային դրամի փոխարժեքի ու ներքին շուկայում ընթացող գնաճի տենդենցների հետ: Պատճառը ռուսական ռուբլու արժեզրկումն է ու միջազգային պատժամիջոցների հետևանքով ռուսաստանյան տնտեսության անկումը: Հենց այս երկրից հանրահայտ տրասֆերներն են մեր տարադրամի հիմնական աղբյուրը: ՌԴ-ն առայժմ լուրջ արգելքներ չի դրել տարադրամի գնման և արտահանման վրա, բայց ոչ պաշտոնական տվյալներով՝ վերջին ամիսներին բանկային փոխանցումները Հայաստան հիմնականում ՌԴ ռուբլով են կատարվում: Հենց դա էլ նվազեցրել է ԱՄՆ դոլարի քանակը մեր ներքին շուկայում: Նվազեցրել էր և անցած շաբաթվա վերջում հանգեցրեց դրամի կտրուկ արժեզրկման: Ու բոլորը հասկացան, որ դրամի արժեզրկումից ու գնաճից որևէ բան հասկանալու համար հարկավոր է հետևել նավթի բորսայական գնանշումներին: 2014թ. երկրորդ կիսամյակից նավթ արդյունահանող երկրները զգալի կորուստներ են կրում: Օրինակ` մեր հարևան Ադրբեջանը: Այդ երկրի բյուջեի եկամուտների 70 տոկոսն ապահովում է նավթագազային տնտեսությունը: Ադրբեջանի բյուջեում 2013թ. մեկ բարել նավթը հաշվարկված էր 100 դոլար փոխարժեքով: 2014թ. բյուջեում՝ 90 դոլար: Չնայած այն փաստին, որ նավթի գինը հիմա տատանվում է 75 դոլարի սահմաններում, այս երկրի եկող տարվա բյուջեի հիմքում կրկին 90 դոլարի համարժեքն է հաշվարկած: Բայց անգամ այս պարագային Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է իր տնտեսական ծրագրերի փոփոխության մասին: Այս երկրում ենթակառուցվածքների զարգացման պլանի ավարտը նախատեսված էր 2010 թվականին: Հիմա արդեն խոսվում է 2020թ. մասին, ու ակնհայտ է, որ այն վերջնաժամկետ չէ: Նավթի գների անկումը լուրջ հարված է, հատկապես, որ եկամուտների 52 տոկոսն այս ապրանքի վաճառքն է ապահովում: Իսկ ՌԴ-ն առայժմ չի հրապարակում եկող տարիների հաշվարկի ակնկալվող համարժեքը: Այս երկրում բյուջեն կազմում են երեք տարվա կտրվածքով: Բայց մի բան ակնհայտ է, որ նավթ արդյունահանող համարյա բոլոր երկրները ստիպված են վերանայել իրենց տնտեսական ծրագրերը: Վերանայել՝ տնտեսական ծախսերը կրճատելու տեսանկյունից: ՕՊԵԿ-ի համաժողովից առաջ նկատելի է, որ նավթի գնանկումից արդեն անհանգստացած են բոլոր՝ նույնիսկ արդյունահանող հարուստ երկրները: ՕՊԵԿ-ի անդամներն այսօր օրական արդյունահանում են 30 մլն բարել նավթ: Այս չափաբաժինը որոշվել է երեք տարի առաջ և մինչև հիմա չի վերանայվել: ՕՊԵԿ-ում ամենամեծ ազդեցություն ունեցող երկիրը՝ Սաուդյան Արաբիան, մինչև վերջերս հայտարարում էր, որ չի կրճատելու նավթի արդյունահանումը: Այս դիրքորոշման ետևում ԱՄՆ «մեղմ» հորդոր-պահանջն էր: Այն լիովին տեղավորվում էր ՌԴ միջազգային պատժամիջոցների շրջանակում: ՌԴ նախագահ Պուտինն իր վերջին շրջանի բոլոր ելույթներում շուտասելուկի նման անընդհատ կրկնում է, որ «անթույլատրելի է քաղաքական նպատակներով նավթի գին որոշելը», որ դա «վայել չէ շուկայական տնտեսությանը», ու էլի նման մտքեր: Հիմա՝ ձմռան շեմին, ինչ-որ բան փոխվում է: Համաշխարհային լրատվամիջոցները հեղեղված են ՕՊԵԿ-ի համաժողովի մասին տեղեկատվությամբ: Այս անգամ դրան մասնակցելու են նաև ՌԴ-ն, Նորվեգիան, Մեքսիկան: Խոսվում է այն մասին, որ ՕՊԵԿ-ի ղեկավարությունը համաձայնել է օրական 300 հազար գալոնով կրճատել նավթի արդյունահանումը: ՌԴ այս ոլորտի ղեկավարությունը նշում է, որ իրենց արդյունահանման տեխնոլոգիաները, ի տարբերություն Սաուդյան Արաբիայինի, հնարավորություն չեն տալիս օպերատիվ կրճատել կամ ավելացնել արդյունահանումը: ՕՊԵԿ-ի անդամ երկրներից Իրանն այս համաժողովին առաջարկելու է օրական 1 մլն բարելով կրճատել: Նշվում է նաև, որ արդյունահանողներից շատերն են հակված` կրճատելու մեթոդով փորձել դիմակայել նավթարդյունաբերության ոլորտում ամերիկյան «սլանցային հեղափոխության» հետևանքներին: Իսկ դա միայն քաղաքական երևույթ չէ: Սլանցային նավթի արդյունահանումը կտրուկ փոխում է համաշխարհային շուկան: Դա իսկական գլխացավանք է նավթային բոլոր երկրների համար: ՕՊԵԿ-ի փորձագետների կարծիքով` ամերիկյան նոր մեթոդով արդյունահանման համար ընդունելի գին է մեկ բարելի համար 53-78 դոլարը: Այնպես որ, նավթային երկրներին դժվար ժամանակներ են սպասում: ՌԴ տնտեսության հետ այսչափ կապված լինելու պարագայում մենք էլ մեզ կարող ենք զ դասել նավթային երկրների շարքում: ՌԴ տնտեսության կրճատումն արդեն անմիջական բացասական ազդեցություն է թողնում ՀՀ տնտեսության վրա: Դրամի փոխարժեքի տատանումը դրա պարզ ապացույցն էր: 






Վիդեո բաժին
Հրապարակումներ
ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ10:5422.01.2016Գյուղական ենթակառուցվածքները կզարգանան IFAD—ը շատ է կարեւորում Հայաստանի հետ...
IFAD-ՀՀ 20-ԱՄՅԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ09:4704.11.2015 «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ» (ԳԶՄՀ)-ՀՀ 20-ամյա համագործակցությունը...
Լուրեր
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ11:4001.03.2021ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ...
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ11:3808.06.2018ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի...
ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԱԾ ՎԱՐԿԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՆԱև «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ»11:0009.02.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով...
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ, ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ15:3929.01.2018ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր...
ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ16:4225.04.2017ՀՀ կառավարությունում մարտի 16-ին գումարվել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն...
ԳՅՈՒՂՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ16:1831.03.2017Գյուղերում սկսվել է գարնանացանը, Գյուղնախարարությունն էլ հաշվարկում է իրականացրած ու նախատեսվող...







Տարադրամի փոխարժեք
USD-482.59
EUR-543.30
RUB-8.53