25 ՄԼՆ ԴՈԼԼԱՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ
10.03.2016Armef News-ը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 3-ին Վիեննայում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) գլխավոր տնօրեն Սուլեյման Ջասիր ալ Հերբիշը ստորագրել են «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրի` 25 միլիոն ԱՄՆ դոլլարով ֆինանսավորման վարկային համաձայնագիր:
Ներպետական ընթացակարգի համաձայն` ՀՀ կառավարությունն այդ համաձայնագրին հավանություն է տվել հոկտեմբերի 29-ի նիստին:
Նշենք, որ ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել աղքատությունը Հայաստանի գյուղական տարածքներում` իրականացնելով հետևյալ գործառնությունները.
• բարձրացնել փոքրածավալ հողագործության արդյունա- վետությունը, նպաստել հետարտադրական գործընթացներին և բարձրարժեք, ապրանքային մշակաբույսերի աճեցմանը,
• կապ հաստատել ագրովերամշակմամբ զբաղվող կազմակերպութ- յունների և աղքատ, գյուղական մանր սեփականատերերի միջև` վերջիններիս համար մուտքը ներքին ու միջազգային շուկաներ հասանելի դարձնելու և արժեշղթայի ներսում աշխատանք ունենալու հնարավորությունները մեծացնելու նպատակով,
• նպաստել, որպեսզի գյուղատնտեսական արտադրական համակարգերը հնարավորինս քիչ ազդեցություն կրեն անձրևային տեղումների մակարդակի տատանումներից,
• բարձրացնել սննդի անվտանգությունը և դյուրավաճառ արտադրանքի որակը, ինչպես նաև նպաստել մարդկանց առողջության բարելավմանը` կարգավորելով տնային տնտեսություններում ջրամատակարարումը:
Ծրագիրը կազմված է հետևյալ բաղադրիչներից.
• ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
Այս բաղադրիչը նպատակաուղղված է մանր սեփականատերերին և ՓՄՁ-ներին ֆինանսական աջակցության տրամադրմանը` նրանց արտադրական գործառնությունները բարելավելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ինչի արդյունքում կմեծանա նաև նրանց եկամուտների ու գործառնությունների ծավալը: Բաղադրիչը կներգրավի ֆինանսական նոր գործիքակազմ` տեխնիկական աջակցության համար տրամադրվող դրամաշնորհային ֆինանսավորումը լրացնելու նպատակով:
Բաղադրիչն իրականացվելու է ամբողջությամբ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ֆինանսավորմամբ։ Այն ունի փրկու ենթաբաղադրիչ.
Ա. Գյուղական ֆինանսավորման կառույցի (ԳՖԿ) վերաֆինանսավորման գործառնություններին աջակցություն. ծրագիրը ԳՖԿ-ի միջոցով մասնակից ֆինանսական հաստատություններին կտրամադրի ֆինանսական միջոցներ, որոնք վարկերի տեսքով կուղղվեն փոքր տնտեսություն վարողներին, ինչպես նաև փոքր ու միջին ձեռնարկություններին՝ գործունեության բարելավման և եկամուտների ավելացման նպատակով:
Բ. Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) ներդրումային գործառնություններին աջակցություն. ծրագիրը FREDA-ի միջոցով՝ ներդրումների և փոխառությունների, ինչպես նաև տարբեր տեսակի կառավարման ու տեխնիկական օժանդակության տեսքով, աջակցություն կտրամադրի աղքատ գյուղական արտադրողների հետ ամուր կապեր ունեցող գյուղատնտեսական արժեշղթայի շրջանակներում գործող փոքր ու միջին մասնավոր ընկերություններին:
• ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՋՐԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
Այս բաղադրիչի նպատակն է՝ բարելավել ջրամատակարարման և ոռոգման համակարգերը հանրապետության 7 մարզերի (Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք և Արագածոտն) գյուղական համայնքներում, առաջնահերթություն տալով աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածքներին:
Բաղադրիչն իրականացվելու է OPEC/OFID-ի ֆինանսավորմամբ և ՀՀ հառավարության համաֆինանսավորմամբ։ Բաղադրիչն ունի հետևյալ ենթաբաղադրիչները.
Ա. Գյուղական համայնքների ջրամատակարարում.
Համագործակցելով ջրային ռեսուրսների կառավարման ընկերությունների հետ` այս ենթաբաղադրիչի միջոցով կտրամադրվի խմելու ջուր` տնային տնտեսությունների և անասունների ջրի պահանջը բավարարելու, ինչպես նաև հիմնական բնամթերք արտադրելու նպատակով:
Բ. Ոռոգման բաշխման փոքր և միջին համակարգերի բարելավում.
Այս ենթաբաղադրիչի շրջանակներում աջակցություն կտրվի երրորդ կարգի ոռոգման բաշխման ցանցերի զարգացմանը` ֆինանսավորելով ոռոգման ենթակառուցվածքների կառուցման կամ վերականգնման աշխատանքները, ինչպես նաև թարմացնելով գոյություն ունեցող սխեմաները` փոքր, մասնավոր հողակտորներին ծառայեցնելու նպատակով:
• ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Այս բաղադրիչը նախագծվել է` տրամադրելու տեխնիկական աջակցություն և ուսուցում հետևյալ նպատակներով. ա) սոցիալական և գյուղատնտեսական գնահատում, բ) ֆերմերների իրազեկության բարձրացում և հնարավորությունների ընդլայնում, գ) խորհրդատվական ծառայություններ և ուսուցում, այդ թվում` շուկայավարման, ագրովերամշակման և գյուղատնտեսության վարման լավագույն մեթոդների կիրառման թեմաները, դ) բիզնեսի և ֆինանսական ծրագրավորման ուսուցում: Նաև` փոքր դրամաշնորհներ կտրամադրվեն կանանց՝ տնամերձ հողատարածքներում «դեմո» ծրագրեր իրականացնելու նպատակով, որոնք ուղղված կլինեն ընտանիքի սննդապահովության և բազմազանության ապահովմանը։
Այս բաղադրիչը ևս իրականացվելու է ամբողջությամբ IFAD-ի ֆինանսավորմամբ։
• Ծրագրի կառավարումը
Այս բաղադրիչի նպատակն է աջակցել ծրագրի կառավարմանն ու համակարգմանը: Ծրագրի կառավարման և իրականացման ընդհանուր պատասխանատվությունը կրում է Ղեկավար խորհուրդը, որը հաշվետու է ՀՀ վարչապետին: Ծրագրի ամենօրյա կառավարման ու իրականացման պատասխանատվությունը կրում է գործող ծրագրերի իրականացման գրասենյակը:
Հավելենք, որ վարկը տրամադրվում է 20 տարի ժամկետով, որից 5-ը` արտոնյալ, տարեկան 2.75% տոկոսադրույքով: