ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆ ՀԻՄՆՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
20.04.2015Թեեւ վերջին շրջանում իրավիճակն այդ առումով քիչ, թե շատ բարելավվել է, այնուհանդերձ որքան էլ տարօրինակ է, գնահատականներն ավելի վատատեսական են դարձել։ Եթե մինչեւ վերջերս խոսվում էր թեկուզ ցածր աճի հավանականության մասին, ապա այժմ սպասումներն աստիճանաբար վերանայվում են անկման ուղությամբ։ Ինչո՞վ է դա պայմանավորված, այնքան էլ պարզ չէ։
Գուցե թե տնտեսական իրավիճակը Հայաստանում այս փուլում այնքան էլ բարվոք չէ, բայց տարեսկզբի համեմատ, երբ կանխատեսվում էր ընդհուպ մինչեւ 3,3 տոկոս տնտեսական աճ, հիմնականում նոր խոչընդոտներ չեն առաջացել։ Ընդհակառակը՝ արտաքին եւ ներքին հատվածում նկատվում են որոշակի դրական գործոններ, որոնք կարող են նպաստավոր ազդեցություն ունենալ տնտեսական գործընթացների վրա։
Մասնավորապես վերջին շրջանում արձանագրվում է ռուսական ռուբլու արժեւորում։ Ճիշտ է, դեռ վաղ է խոսել ռուբլու կայունության վերականգնման մասին, այնուհանդերձ անցած մեկ-երկու ամսվա ընթացքում այն հասցրել է բավական թանկանալ։
Մի բան, ինչը, գուցե եւ ոչ բավարար, բայց միանշանակ դրական գործոն է ռուսական շուկայում իրացում ունեցող հայաստանյան տնտեսավարողների համար։ Մյուս կողմից՝ ռուբլու ամրապնդումը նպաստավոր է նաեւ այս երկրից ստացվող մասնավոր տրանսֆերտների տեսակետից, որոնց հետ եւս մեծապես փոխկապակցվում են Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները։
Ոչ մեծ չափով, բայց տարեսկզբի համեմատ Հայաստանի տնտեսության համար դրական միտումներ կան նաեւ միջազգային շուկաներում պղնձի ձեւավորված գնի հետ կապված։ Եթե հունվարին այն տատանվում էր 5,5 հազարի սահմաններում, ապա վերջին շրջանում գերազանցում է 6,1 հազար դոլար։
Նկատվում են դրական փոփոխություններ նաեւ ներքին ֆինանսական համակարգում։ Այն առումով, որ բանկերն աստիճանաբար վերադառնում են վարկային շուկա։
Սրանք կարեւոր գործոններ են, որոնք տարեսկզբի համեմատ միանշանակ բարելավվել են։ Գուցե թե, դրանք դեռեւս չեն հասել այն մակարդակին, որ լիարժեք ձեռնտու լինեն տնտեսավարողներին։ Այնուհանդերձ դրական միտումներն առկա են։
Սակայն որքան էլ տարօրինակ է, միջազգային կազմակերպությունները Հայաստանի տնտեսական աճի սպասումները գնահատելիս այս միտումները կարծես այնքան էլ հաշվի չեն առնում։ Առավել եւս, որ վերջերս վարչապետը հայտարարեց տարվա կեսերից մի շարք «լուրջ ծրագրերի» իրականացման մասին, որոնք բնականաբար նպաստավոր ազդեցություն կունենան տնտեսական գործընթացների վրա։
Անշուշտ այնպես չէ, որ միջազգային կազմակերպությունների կանխատեսումները միշտ արդարանում են։ Բայց գնահատականներ տալուց հավանաբար պետք է ավելի զգուշավոր լինել։ Այլապես ստացվում է, որ առկա են դրական գործոններ տնտեսության համար, սակայն աճի սպասումները վատանում են։ Ո՞րն է դրա տրամաբանությունը։