ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ 75 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
14.11.2014Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը քննարկել և հաստատել է 75 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկի տրամադրումը Հայաստանին` Զարգացման քաղաքականության երկրորդ գործառնության (ԶՔԳ) ներքո: Հայաստանին Զարգացման քաղաքականության առաջին գործառնության ծրագրի վարկը եղել է 72 միլիոն դոլար՝ 41 միլիոնը՝ մասամբ արտոնյալ, 31 միլիոնը՝ մասամբ ոչ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին նշեց, որ այս գործառնությունը օժանդակում է քաղաքականության իրականացմանը, որը բերում է կյանքի միջոցների բարելավման, իսկ ռազմավարական նպատակն է` աշխատատեղերի ստեղծումը:
«ՀԲ-ն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջին եկամտով երկրներում, կառավարության հետ համատեղ մշակում է ռազմավարական տեսլական»,- ասաց նա և հավելեց, որ ՀԲ-ն ըստ անհրաժեշտության մշտադիտարկում է իրականացնում:
Բանախոսը նաև նշեց, որ ՀԲ-ն օժանդակում է կառավարությանը, որ իրատեսական, խորն ու օգտակար լինեն բարեփոխումները:
ՀԲ ներկայացուցիչը շեշտեց հատկապես աշխատատեղերի ստեղծումը, որը կարևոր է Հայաստանի համար` հաշվի առնելով տարածաշրջանային միջավայրը: