ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՇՐՋԱՆՆԵՐԻՆ
17.11.2014Հաջորդ շաբաթ հրավիրվող արտահերթ նստաշրջանում այլ հարցերի շարքում կառավարությունն առաջարկել է խորհրդարանին քննարկել նաեւ սահմանամերձ գյուղական համայնքներում բիզնես գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ օրինագիծը։
Դրանով նպատակահարմար է համարվում իրականացնել այնպիսի տնտեսական քաղաքականություն, որը պետք է պայմաններ ստեղծի կուտակված խնդիրները հաղթահարել՝ տնտեսական գործընթացներն ակտիվացնելու միջոցով։
Մասնավորապես կառավարությունն առաջարկում է սահմանամերձ համայնքներում տնտեսական գործունեության իրականացումը գրեթե լիովին ազատել հարկերից։
Չնայած ի տարբերություն այլ առաջարկների՝ սա ուղղակի աջակցություն չէ բնակչությանը, այնուհանդերձ անուղղակիորեն միտված է համայնքներում կուտակված խնդիրների առավել արդյունավետ լուծմանը եւ հասարակության սոցիալական վիճակի բարելավմանը։ Սովորաբար ուղղակի աջակցություններն ինչ-որ պահից ուզած, թե չուզած դադարում են ծառայել իրենց նպատակին։ Գուցե թե կարճաժամկետ հատվածում դրանք նպատակահարմար են, սակայն հեռանկարային չեն։
Սահմանմերձ համայնքների վերաբերյալ կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթի ընդունումը ենթադրում է այդ տարածքներում գործող տնտեսավարողների համար հարկային մի շարք արտոնությունների տրամադրում։ Մասնավորապես նախատեսում է բիզնես գործունեությունն ազատել երկամտային հարկից եւ շահութահարկից։ Գործարարները ստիպված չեն լինի վճարել նաեւ ԱԱՀ, ինչպես նաեւ շրջանառության հարկ։
Միակ հարկատեսակը, որի պարտավորությունները կշարունակեն կատարել սահմանամերձ համայնքների վարչական տարածքներում տնտեսական գործունեություն իրականացնողները, կլինի ֆիզիկական անձանց կողմից աշխատավարձի դիմաց վճարվող եկամտային հարկը։
Սրանով ըստ էության սահմանամերձ համայնքներում ստեղծվում է ազատ տնտեսական գոտիներին բնորոշ միջավայր։ Մի բան, որը կարող է մեծապես նպաստել ներդրումների ներգրավմանը եւ բիզնես ծրագրերի իրականացմանը։
Կան տնտեսական գործունեության որոշ տեսակներ, որոնք հնարավորություն ունեն օրենքի ընդունումից անմիջապես հետո հանգիստ տեղափոխվել սահմանամերձ համայնքներ։ Պատահական չէ, որ չնայած փաթեթը դեռեւս չի ընդունվել, այնուհանդերձ արդեն գործարարների շրջանում նկատվում են որոշակի հետաքրքրություններ։
Եթե իրականանան ակնկալիքները, ապա առաջարկվող մոտեցումը շատ ավելի մեծ օժանդակություն կարող է լինել սահմանամերձ համայնքներին, քան ամենամյա կամ ամենամսյա միանվագ օգնությունները։
Տնտեսական միջավայրի աշխուժացումը լրացուցիչ զբաղվածություն կապահովի այդ տարածքներում բնակվողների համար։ Աշխատատեղերի ստեղծումը ենթադրում է հասարակության եկամուտների ավելացում։ Հետեւաբար կբարելավվի նաեւ սոցիալական վիճակը։