ՀԱՏՈՒԿ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ` ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈՔՐ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
17.07.2015Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայությունը հաջողությամբ ավարտել է «Տնտեսական մոդելավորում եւ իրագործելիություն» ծրագիրը, որի հիմնական խնդիրն է փոքր այգեգործության զարգացմանը խթանելու միջոցով նպաստել Հայաստանի գյուղական շրջաններում աղքատության մակարդակի նվազեցմանը:
«Տնտեսական մոդելավորում եւ իրագործելիություն» ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» Ծրագրերի իրականացման գրասենյակ Պետական հիմնարկի «Գյուղական կարողությունների ստեղծման» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի իրականացման ընթացքում ընտրվել է Հայաստանի հողակլիմայական պայմաններում առավել արդյունավետ եւ եկամտաբերության մեծ ներուժ ունեցող պտուղներիեւընկուզավորների7 տեսակ, մասնավորապես` խաղող, խնձոր, ծիրան, դեղձ, սալոր, ընկույզ եւ տանձ, որոնց համար մշակվել է համապատասխան վարկային պրոդուկտ: Ծրագրի շրջանակներում մշակվել են ֆինանսական մոդելներ նշված պտղատեսակներից յուրաքանչյուրի համար, որոնց միջոցով ֆինանսական կազմակերպությունները կկարողանան գնահատել վարկավորման նպատակահարմարությունը:
«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» Ծրագրերի իրականացման գրասենյակի ԳՖԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը նշում է, որ նոր վարկային ծրագրի նպատակն է ավելացնել մանրածավալ արտադրողների կարողություններն ու եկամուտները, այգեգործական(պտղի եւ ընկույզի)արժեքային շղթայի աջակցության միջոցով: Նա մասնավրապես նշեց. «Վարկային պրոդուկտը մշակելիս հաշվի են առնվել վարակավորման ոլորտի տնտեսավարողների իրական կարիքները, պտղատեսակների կենսաբանական փուլերի առանձնահատկությունները եւ դրանցով թելադրվող ֆինանսական պահանջները: Հաշվի են առնվել նաեւ պտղաբուծության բնագավառում պահանջարկի ուսումնասիրության, արտադրության, պահեստավորման, սեփական վերամշակման, իրացման մեծածավալ շրջանառության արժեշղթայի պայմանները:Ակնկալում ենք, որ երկարաժամկետ վարկային ծրագրի իրագործումը դրական ազդեցություն կունենա ոլորտի տնտեսավարողների ֆինանսական կարողությունների ընդլայնման եւ ապրանքային արտադրության աճի վրա` նպաստելով գյուղական աղքատության նվազմանը, իսկ քաղված դասերն ու դրական արդյունքները հետագայում կօգտագործվեն պտղաբուծության ոլորտում իրականացվելիք մյուս ծրագրերում»:
Նշենք, որ 2010թ.-ից ի վեր, ըստ ՀՆԱ-ում եւ դրա աճում ունեցած մասնաբաժնի, ՀՀ տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունն է, որն ապահովում է աշխատատեղերի 45%: Միեւնույն ժամանակ, նշենք, որ Հայաստանում փոքր այգեգործությամբ զբաղվում են առավելապես Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Տավուշի եւ Վայոց ձորի մարզերում: Հանրապետությունում գոյություն ունեցող ֆերմերային տնտեսությունների շուրջ 70% փոքր է (միջինում 1.3 հա հողատարածք): Հենց այս թիրախային խմբին է միտված «Տնտեսական մոդելավորում եւ իրագործելիություն» ծրագիրը, որը նախատեսված է մասնավորապես Հայաստանի համեմատաբար բարձրադիր գոտիներում ապրող գյուղացիների համար, ովքեր տնօրինում են մինչեւ 3հա հողատարածք: