ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ
21.11.2014ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության առաջին փորձնական ծրագիրը կիրականացվի անասնաբուծության բնագավառում։ Այն ծրագրվում է իրականացնել առաջիկայում Վայոց Ձորի մարզում, հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։
«Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անձամբ է բանակցություններ վարել մի շարք երկրների, միջազգային կառույցների հետ, և առաջին անգամ Հայաստանում անասնաբուծության ոլորտում գյուղատնտեսության ապահովագրություն կիրականացվի»,– երեքշաբթի հրավիրված ասուլիսի ընթացքում լրագրողներին ասաց Գալստյանը։
Ըստ նրա, «Ինգո Արմենիա» ընկերությունն արդեն փաստաթղթային աշխատանքներ է կատարել։ Ընկերությունն աշխատում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ։ Մի քանի օրից կամփոփվի այդ ուղղությամբ նրանց կատարած աշխատանքը և կիրականացվեն առաջին քայլերը։
«Գյուղատնտեսության ապահովագրությունը Հայաստանում գործնականորեն զարգացած չէ, քանի որ այստեղ բարձր են կարկտի, ցրտահարությունների և սառնամանիքների հետ կապված ռիսկերը»,– ասաց Գալստյանը։