ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԵԼ 4 ՋՐԱՄԲԱՐ
16.02.2015Հայաստանի ջրապահովման խնդիրը լուծելու համար առաջիկայում նախատեսվում է կառուցել Կապս, Վեդի, Եղվարդ, Մաստարա ջրամբարները: Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը, հավելելով, որ արդեն նախապատրաստական աշխատանքները սկսված են:
Նա նաև նշեց, որ մինչև 2015թ-ի ավարտը պատրաստ կլինեն Վեդի և Կապսի ջրամբարների նախագծահաշվարկային փաստաթղթերը և 2016թ-ից կսկսվի շինարարությունը:
Մ. Մկրտումյանը նաև հիշեցրեց, որ առաջին անգամ հանրապետությունում վերականգնվել է Մարմարկի ջրամբարը, որը 25 մլն խմ լրացուցիչ ջուր կուտակելու հնարավորություն է տալիս և մեծ ազդեցություն ունի Սևանա լճի մակարդակի վրա:
Բանախոսը վստահ է, որ այս չորս ջրամբարների կառուցումը հնարավորություն կտա Հայաստանին ոռոգման համար անհրաժեշտ ջուր կուտակել և հնարավորինս քիչ դիմել Սևանա լճից լրացուցիչ ջրառի օգնությանը: