ՄԱԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ENPARD ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸԹԱՑՔԸ
31.07.2015ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Միավորված ազգերի զարգացման ծրագրի (UNDP) եւ ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) ներկայացուցիչներ Բաբկեն Բաբայանին եւ Սեւերին Օմանին: Հանդիպման նպատակն էր քննարկել «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ծրագրի» (ENPARD) «Արտադրող խմբերի եւ արժեշղթաների զարգացում» բաղադրիչի կատարման ընթացքը:
Հանդիպման սկզբին նախարար Սերգո Կարապետյանն ընդգծեց ծրագրի կարեւորությունը Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերի զարգացման համար:
«Այս ծրագրով ոչ միայն բարենպաստ պայմաններ կստեղծվեն մեր երկրում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման ու զարգացման համար, այլեւ այն խթան կհանդիսանա ոլորտի ընդհանուր զարգացման համար»,- նշել է իր խոսքում ՀՀ գյուղատնտեսության նախարարը:
Հյուրերի տեղեկացմամբ «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ծրագրով» (ENPARD) իրականացվող «Արտադրող խմբերի եւ արժեշղթաների զարգացում» բաղադրիչի շրջանակում, որն իրականացվելու է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի մարզերում, ստացվել է թվով 190 հայտադիմում: Հայտատուները հիմնականում ցանկություն են հայտնել ծրագրի շրջանակում տրամադրվող միջոցներով զբաղվել մասնավորապես հնդկացորենի, հատապտղի, ոչ ավանդական բանջարեղենի, կաթի եւ կաթնամթերքի, ինչպես նաեւ մեղրի առաջնային արտադրությամբ:
Ծրագրի համակարգող անձնակազմի անդամները շեշտել են, որ հայտադիմումների ընտրությունը կատարելիս նախապատվությունը տրվելու է նրանց, որոնք ցանկություն են հայտնել մշակել բարձրարժեք եւ ոչ ավանդական մշակաբույսեր: Ծրագրի արդյունավետության ապահովման համար հետագայում նախատեսվում է կազմել առանձին բիզնես-պլաններ, որոնց հիման վրա կիրականացվի յուրաքանչյուր հայտատուի ֆինանսավորումը:
Այս առումով նախարարը ընդգծեց ծրագրի շրջանակում դիվերսիֆիկացված գյուղմթերքի, պանրի եվրոպական տեսակների արտադրության, հատապտղի նոր այգիների հիմնման խթանումը եւ հակակարկտային ցանցերի ներդրման կարեւորությունը:
Նախարար Սերգո Կարապետյանը նաեւ առաջարկեց հետագա ծրագրերում հնարավորության դեպքում ներառել մեղվաբուծության զարգացմանը, ձկնաբուծարաններում ջրի խնայողատար ռեժիմով նորագույն համակարգերի ներդրմանը, ոռոգման կաթիլային համակարգերի կիրառմանը վերաբերող բաղադրիչներ: