ՆՈՐԱՊԱՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
15.06.2015Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (ԱԳԶԿ-CARD) հիմնադրամը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում, Արմավիրի մարզի Նորապատ համայնքում բացել է գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն: Մասնագիտացված կենտրոնը միտված է զարգացնելու Հայաստանում այգեգործության ոլորտը (այգիների աճեցում և կառավարում) և նպաստելու առաջադեմ տեխնոլոգիաների ու ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը:
Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի (ԳԾԿ) պաշտոնական բացումը տեղի է ունեցել մայիսի 12-ին, որին մասնակցել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, CARD-ից և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնից, որն իրականացնում է USAID/PRP ծրագիրը:
Նոր կենտրոնը տեղի գյուղատնտեսներին տրամադրելու է ծառայությունների ամբողջական փաթեթներ, կապեր է ստեղծելու միջազգային կազմակերպությունների հետ, որոնք տրամադրում են գյուղատնտեսկան պարագաներ, սարքավորումներ և տեղեկատվություն այգեգործության կառավարման զարգացման նոր տեխնոլոգիաների մասին: Կենտրոնը հագեցած է լինելու հողի, ջրի և բույսերի հետազոտության ժամանակակից լաբորատոր սարքավորումներով, ինչպես նաև էական դեր է խաղալու շուկայական կապերի հաստատման և ֆերմերների ու Հայաստանի գյուղական ՓՄՁ-ների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության դյուրացման գործում:
Բացի այդ, ԳԾԿ-ն կազմակերպելու է Հայաստանի և օտարերկրյա մասնագետների կողմից անցկացվող սեմինարներ և դասընթացներ՝ Արմավիրի մարզի 25 համայնքների մոտ 2,500 գյուղատնտեսների համար: Կենտրոնը ծառայելու է նաև գործնական սեմինարների անցկացման վայր՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար: