ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
30.04.2015Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են տնտեսության ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ներկայացուցիչները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են միջազգային տնտեսական կառույցների հետ համագործակցությանը, իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են Կառավարությունից:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տնտեսության հետագա ակտիվացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, այդ ուղղությամբ նախատեսվող ծրագրերին և հետագա քայլերին: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել են նաև մի շարք առաջարկություններ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Աբրահամյանը կարևորել է տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանն ուղղված համակարգված, հետևողական ու շարունակական աշխատանքների իրականացումը: