ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԲՐՈՒՍԵԼՈՒՄ
12.06.2015Հայաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում նախօրեին տեղի է ունեցել «Համագործակցության հնարավորությունները Հայաստանի և Բելգիայի միջև» գործարար համաժողովը, որին մասնակցել են 45 բելգիական ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Բելգիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատը, Բրյուսելի առևտրաարդյունաբերական պալատը, Վալոնիայի արտահանումների և ներդրումների գործակալությունը և Ֆլանդրիայի ներդրումների և առևտրի գործակալությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:
Բելգիացի գործարարները և համապատասխան գործակալությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել համաժողովի նկատմամբ՝ պայմանավորված ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ, որի համատեքստում նրանք մեր երկիրը դիտարկում են որպես կամուրջ՝ դեպի Եվրասիական տնտեսական միության շուկա:
Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արման Խաչատուրյանը «Նոր հնարավորություններ Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում» թեմայով իր շնորհանդեսում բելգիացի գործարարներին ներկայացրել է Հայաստանի գործարար մթնոլորտի գրավչությունը, ներդրումային հնարավորությունները և համագործակցության հեռանկարները:
«Շատ կարևոր միջոցառում էր Հայաստանի ներդրումային միջավայրը և հնարավորությունները ներկայացնելու, ինչպես նաև Հայաստանի և Բելգիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունները և ներդրումները խթանելու համար»,- կարևորելով համաժողովի արդյունքները, նշել է Արման Խաչատուրյանը:
Միջոցառման համակազմակերպիչներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Բելգիայում Հայաստանի դեսպանատունը և Եվրոպական միությունում Հայաստանի առևտրական կցորդը: