ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՆԻՇ ՀԱՄԱՅՆՔՆ ԱՊԱՀՈՎՎԵԼ Է ԲՆԱԿԱՆ ԳԱԶՈՎ
10.03.2016
Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Արտանիշ համայնքում բնական գազը մուտք է գործել այս տարվա սկզբից, որից հետո գազ սպառող բաժանորդներ են դարձել գյուղի առաջին հինգ ընտանիքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արտանիշի գյուղապետ Կարեն Շուշանյանը, Արտանիշը բնական գազի մատակարարման համակարգից զուրկ է եղել անգամ ԽՍՀՄ տարիներին, ե ւ գյուղն ամբողջությամբ գազաֆիկացնելու համար 2012-2015 թվականների ընթացքում ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցներից Արտանիշում ներդրված գումարը կազմել է 146 միլիոն 817 հազար դրամ, ինչի արդյունքում կառուցվել է 5263 գծամետր ներքին եւ 6061 գծամետր միջին ճնշման գազատարի ցանց:
«Գյուղի բոլոր 133 տնտեսություններին արդեն հասու է բնական գազը, որից օգտվելու համար նրանք արդեն իրենց բնակարանները գազաֆիկացնելու համար պետք է կատարեն համապատասխան ծախսեր: Գազատարի ներքին ցանցը բնակարաններից գտնվում է 20-30 մետր հեռավորությամբ, ուստի բոլորի համար էլ միջոցները բավարար են' գազ սպառող բաժանորդներ դառնալու: Համոզված եմ, որ մինչեւ այս տարվա հոկտեմբերը բնական գազից օգտվելու ցանկություն կհայտնեն բոլոր տնտեսությունները, քանի որ նրանք տարիներ շարունակ անհամբեր սպասում էին երկնագույն վառելիքին»,-հավաստեց համայնքի ղեկավարը: