ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՏՈՖԻԼԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԱՃԵԼ Է
04.11.2014Ռուսաստանում հայկական կարտոֆիլի պահանջարկն ավելացել է: Այս մասին հոկտեմբերի 31-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցին, թե ինչպիսի ծախսեր են անհրաժեշտ՝ դեպի Ռուսաստան հայկական գյուղմթերքի արտահանման ծավալներն ընդլայնելու համար:
Նախարարի խոսքով, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում հայկական արտադրանքի արտահանման համար, մասնավորապես՝ Ռուսաստան: «Այդ շուկան միշտ մեզ համար նպատակային է եղել՝ սպառելով մեր ոլորտի արտահանման միջինը 75%-ը»,- հավելեց Սերգո Կարապետյանը: Նա նշեց, որ գերատեսչությունն արդեն 2015-17 թ.թ. գյուղատնտեսական արտադրանքի զարգացման ծրագիր է կազմել: «Մենք արդեն լուրջ աշխատանքներ են կատարում մարզպետերի հետ, որպեսզի ավելացնենք ցանքատարածությունները»,- ասաց նախարարը:
Արտահանումն աճում է արդեն այսօր. բացառությամբ ծիրանի, որը գարնանային ցրտահարությունից տուժել է, մյուս մշակաբույսերը նույն ակտիվությամբ արտահանվել են Ռուսաստան:
«Դա վերաբերում է ոչ միայն մրգերին. այս տարի զգալիորեն մեծացել է նաեւ կարտոֆիլի արտահանումը: Եթե 2013 թվականի հունվար-հոկտեմբերին արտահանվել է 8.900 տոննա կարտոֆիլ, ապա 2014թ.-ի նույն ժամանակահատվածում՝ արդեն 21 հազար տոննա»,- նշեց Սերգո Կարապետյանը: