ԿԱԹԻԼԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
27.01.2015ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է իսրայելական «Նետաֆիմ» ընկերության պատվիրակությանը, որը գլխավորում էր կազմակերպության տարածաշրջանային ղեկավար Գայ Բարնեսը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ընկերության տարածաշրջանային ղեկավարի խոսքով`Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ, որն իրացնելու համար անհրաժեշտ է կատարել մանրամասն և խորը վերլուծություններ:
Ընկերությունն աշխարհի ավելի քան 110 երկրում իրականացնում է գյուղատնտեսական ծրագրեր և հատկապես մասնագիտացված է ոռոգման կաթիլային համակարգերի ներդրման, ջերմոցային տնտեսությունների պատրաստման ու շահագործման, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների մատուցման հարցերում: Այն Հայաստանում արդեն իսկ իրականացրել է կաթիլային համակարգի ներդրման ծրագրեր:
Նշելով, որ կաթիլային համակարգի ներդրումը Հայաստանում ունի խիստ կարևոր նշանակություն` նախարար Սերգո Կարապետյանն առաջարկեց ոչ միայն ներդնել իսրայելական արտադրության սարքեր և սարքավորումներ, այլև Հայաստանում հիմնել համատեղ արտադրություն:
«Հայաստանում ներդրումներ իրականացնելու համար առաջարկում եմ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը ներկայացնել երկկողմ համագործակցության ծրագրային կոնկրետ առաջարկություններ,ինչպես նաև ծրագրերի ֆինանսական ներդրումները և ֆինանսավորման պայմանները` հետագա քննարկումներ կազմակերպելու համար», - ամփոփելով հանդիպումը` նշել է նախարար Սերգո Կարապետյանը: