ՏԿԱԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
01.04.2015Շարունակելով աշխատանքային այցը Սյունիքի մարզ՝ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Մեղրի և Ագարակ քաղաքները: Մեղրիում ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն է անցկացրել Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի, Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի, Մեղրիի զինկոմիսարի, ոստիկանության և ռուսական սահմանապահ զորքերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոռոգման նպատակով Մեղրիում 5 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի կառուցման հարցը, համայնքին աղբատար մեքենայի տրամադրման, մշակույթի տան, մանկապարտեզի և զբոսայգու տարածքից արտեզիան ջրի հեռացման խնդիրները:
Քննարկվել է նաև տարածաշրջանում անտառային հրդեհները մարելու նպատակով տեղի հրշեջ-փրկարարական ծառայությանը մեծ տարողությամբ հրշեջ մեքենայի տրամադրման հարցը: Խորհրդակցության աշխատանքային խումբն անդրադարձել է նաև նոր տրանսֆորմատորային կայանի կառուցման խնդրին:
Ագարակ քաղաքի առկա խնդիրների քննարկման ընթացքում մասնավորապես խոսվել է համայնքի համար մարզադահլիճի կառուցման մասին: ՏԿԱԻ նախարարը քաղաքապետերին հանձնարարել է հնչեցված խնդիրների լուծման վերաբերյալ ներկայացնել կոնկրետ ծրագիր և հաշվարկներ:
Նախարար Երիցյանն այցելել է նաև Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի մասը կազմող Սյունիքի 5 համայնքները (Տաթև, Սվարանց, Տանձատափ, Քաշունի, Հալիձոր), հանդիպել տեղի բնակիչների հետ և քննարկել համայնքների խոշորացման ծրագիրը:
Պատասխանելով գյուղացիներին հուզող հարցերին՝ նախարար Երիցյանը մասնավորապես նշել է, որ համայնքների խոշորացման ծրագիրը որևէ փաստաթղթային բարդություն չի առաջացնելու գյուղացիների համար:
«Յուրաքանչյուր գյուղ ունենալու է իր ղեկավարը, որը լիազորված կլինի տեղեկանքներ տրամադրել տեղի բնակչին և գյուղացին ստիպված չի լինի անհրաժեշտ փաստաթղթի համար երկար ճանապարհ կտրել»,-ասել է Ա. Երիցյանը:
Սյունիքի մարզում աշխատանքային այցի 2-րդ օրը ՏԿԱԻ նախարարը մասնակցելու է Սյունիքում մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի բացմանը և մարզխորհրդի նիստին: